Այսօր՝ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Ա. Բարոյանը իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհից դեպի Ծաղկաձոր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ս. Բարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան պարեկները վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: