Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմում ավելի քան 600 հազար ռուս զինվոր է զոհվել կամ վիրավորվել, իսկ Հյուսիսային Կորեայից զինվորների ռազմաճակատ ներգրավելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուսահատության նշան է, ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Այս հարցի շուրջ խորհրդակցություններից հետո Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսում Ռյուտեն հաստատել է Ռուսաստանի Կուրսկի մարզ հյուսիսկորեական զորքերի, ինչպես նաև նրանց առանձին ստորաբաժանումների տեղափոխումը։
Հյուսիսային Կորեայի զինվորականների մասնակցությունը Ուկրաինա ռուսական ներխուժմանը սպառնալիք է ինչպես Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, այնպես էլ Եվրատլանտյան տարածքի անվտանգության համար, ընդգծել է Մարկ Ռյուտեն։
Այդ գործողությունները խաթարում են Կորեական թերակղզում խաղաղությունը և աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, ընդգծել է նա։
Ըստ ՆԱՏՕ-ի ղեկավարի՝ հյուսիսկորեական զորքերի տեղափոխումը Ռուսաստան ներկայացնում է Ուկրաինայում պատերազմի զգալի էսկալացիա։ Նա Մոսկվային և Փհենյանին կոչ է արել անհապաղ դադարեցնել վերոնշյալ գործողությունները։ ՆԱՏՕ-ն ուշի-ուշով հետևում է իրավիճակի զարգացմանը և դաշինքի շրջանակում ակտիվորեն խորհրդակցում է այդ հարցի շուրջ Ուկրաինայի և Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ, հավելել է նա։



























