Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է արգելել գաղտնիությունն ինտերնետում: Նախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Մոշկովը «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է, որ կիբերտարածքում ֆեյս-կոնտրոլը կօգնի ոստիկանությանը պայքարել հանցավորության դեմ:

«Գրանցվիր իրական անունով, հաղորդիր իսկական հասցեդ եւ շփվիր, եթե դու արդար, օրինապաշտ մարդ ես, ինչո՞ւ ես թաքնվում»,- ասել է նա: Նա հավաստել է, որ ինտերնետում գրաքննություն չկա, իսկ քննադատության համար էլեկտրոնային ոստիկանությունը ոչ ոքի չի հետապնդելու եւ ձերբակալելու:

Մոշկովը միաժամանակ սոցիալական ցանցերը վտանգավոր է համարել հասարակության կարգերի համար: Նա ասել է, թե ցանցի միջոցով «ծայրահեղական խմբերը կազմակերպվում, քարոզչություն են տանում», նաեւ «համակարգում են իրենց ակցիաները»: Ոստիկանն ասել է, թե մարդիկ կարող են փչացնել ցանցը: