Իմ մեղքը չի ապացուցվել, քանի որ ապացույցներ չեն ներկայացվել, չկան և չեն կարող լինել այդ ապացույցները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Այդ գործը պահի տակ սարքվել է, որպեսզի կարողանան ինձ քաղաքական գործունեությունից մեկուսացնել։ Հետո որ չեն կարողացել ապացույցներ հավաքել, ապացույցների մի մասը կեղծված են, մնացածներն էլ ուղղակի գոյություն չունեին։ Կան խոսակցություններ, որոնք անհետևանք խոսակցություններ էին, որոնք երբևիցե չեն հատել օրենքի սահմանը։ Այս մթնոլորտում Վերաքննիչ դատարանը երևի չի ունեցել բավարար վճռականություն արձանագրելու, որ չկան ապացույցներ, պետք է ճանաչել մեղադրյալի անմեղությունը և գործը կարճել։ Եթե Վճռաբեկ դատարանն էլ չկայացնի արդար դատավճիռ, ապա կգնանք Եվրոպական դատարան։ Մենք Վերաքննիչ դատարանում ցույց տվեցինք, որ գործը սարքած է՝ կեղծված ապացույցների հիման վրա»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Չալաբյանի խոսքով՝ այս իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք չեն կարողանալու այս գործը կոծկել․ «Մի բան է դա անել առաջին ատյանի դատարանում, լրիվ այլ բան է երբ գործը գնում է Եվրոպական դատարան։ ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է հայտարարվի որպես հակասահմանադրական և ԱԺ-ին ՍԴ-ն պարտադրի, որպեսզի նրանք այս հոդվածի բովանդակությունը փոխեն։ Այս ընդդիմության գլխին սարքած մահակը, որը սարքել է այս «ժողովրդավարական իշխանությունը», ի վերջո հնարավոր կլինի վերացնել»։











