Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում փոփոխություն կատարեց արցախցի ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում:
Հիշեցնենք, որ այս ծրագրով աջակցություն է տրամադրվում Հայաստանում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։
Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 15-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3,947 շահառու, որից շուրջ 3332 հավաստագրի հիման վրա հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել այնպիսի իրավակարգավորում, որը գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտա Ծրագրի շրջանակում վարկավորել նաև միայնակ տարեցներին՝ հաշվի չառնելով վարկի գործողության ընթացքում վերջիններիս մահվան և ժառանգի բացակայության ռիսկը։ Առաջարկվող կարգավորմամբ, եթե շահառուն չունի ժառանգ, ապա նրա մահվան դեպքում աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը կշարունակվի մինչև վարկի ամբողջական մարումը։
Ծրագրի շրջանակներում դեռևս առկա են չիրացված հավաստագրեր, որոնցից մի քանիսը (առավելագույնը 10) պատկանում է միայնակ անժառանգ տարեցների, որոնց վարկավորումը ռիսկային է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների տեսանկյունից:





























