Երեւանում Ամանորի մայր տոնածառը նախորդ տարվա պես կունանա 31 մետր բարձրություն, որի համար 6 հազար ճյուղ է բերվել տարբեր մարզերից` սանիտարական էտման արդյունքում: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 8-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդային վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, տոնածառը զարդարելու համար 4 հազարից ավելի խաղալիքներ են օգտագործվելու:
Բացի այդ, Երեւանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվելու են տոնածառեր, որոնք լինելու են ավելի շքեղ, քան` նախորդ տարիներինը: Ավելին` այս տարի 38 փողոցներ գեղագիտական լուսավորում կունենան, (նախորդ տարի նման փողոցների թիվը 26 էր):
Քաղաքապետարանը նաեւ անակնկալներ է պատրաստել. մասնավորապես, Ամանորին 3D շոու ծրագիր կկազմակերպվի Հանրապետության հրապարկում: «Հանրապետության հրապարկում լինելու է այն, ինչին մենք մի քանի անգամ ականատես ենք եղել, բայց այս անգամ արդեն ամանորյա թեմատիկայով: Իսկ գեղեցիկ շոու ծրագիրը լինելու է Ազգային պատկերասրահի շենքի վրա: Դրանից հետո մնացած օրերին լինելու են ինտերակտիվ խաղի էլեմեններ: Այսինքն` նորամուծությունները քաղաքում շատանալու են, թե ձեւավորման, թե բնակչության ներգրավվածության առումով»,- ավելացրեց Արազ Բաղդասարյանը:











