Հայաստանում կիբերհանցագործության առավել լայն տարածված տեսակներից է ինտերնետում պոռնկագրական բնույթի նյութեր տարածելը: Այդ մասին «Կիբերանվտանգությունը եւ կիբերհանցավորության վիճակը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկմանն ասել է ոստիկանության ԿՀՊԴ ԳՎ 1-ին վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակից Անդրեյ Յաշչյանը:
Նրա խոսքով, տարածված հանցատեսակներից են նաեւ համակարգչային տվյալների ապօրինի յուրացումն ու սոցցանցերում պրոֆիլների ապօրինի տիրանալը, սպառնալը, զրպարտանքն ու վիրավորանքը, վնասակար ծրագրերի մշակումն ու տարածումը:
Ոստիկանության աշխատակիցը նկատեց, որ սոցցանցերում տաբեր մարդկանց անուններով էջեր են բացվում, պոռնկագրական բնույթի նկարներ են տարածվում, շատ հաճախ երրորդ անձանց անուններով: Տարածված է նաեւ սոցցանցերում շորթում կամ սպառնալիք կիրառելը, երբ նմանատիպ էջերի վերացման համար գումար են պահանջում:
ԿՀՊԴ ԳՎ 1-ին վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Վահագն Հարությունյանն էլ նշել է, թե կիբերհանցագործությունների թիվ տարեցտարի աճում է:
2009թ. կիբերհանցագործությունների գծով Հայաստանում հարուցվել է 13 քրեական գործ, 2010թ.` 20, իսկ ընթացիկ տարում ընթացքում բացահայտվել է կիբերահանցագործության 16 դեպք: Այդ դեպքերի մեծ մասը վերաբերվում է տեղեկատվական համակարգեր կատարած անօրինական ներխուժման դեպքերին:
Նշենք, որ «Կիբերանվտանգությունը եւ կիբերհանցավորության վիճակը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկումը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ ոստիկանության կողմից:



























