Հեռախոսների արտադրությամբ զբաղվող ֆիննական Nokia ընկերությունը մտադիր է վաճառել Vertu  լյուքս դասի  թանկարժեք  հեռախոսների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը:

Բրիտանական մամուլը գրում է, որ ընկերության համար լավագույն ժամանակները չեն:

Nokia-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են տվյալ լուրը մեկնաբանելուց: Ընդ որում` բրիտանական լրատվամիջոցներից մեկի աղբյուրը նշել է, որ ստորաբաժանման վաճառքի հարցը վերջնական որոշված չէ, տեղեկացնում է РБК-ն:

Առայժմ հայտնի չէ, թե որքան կարող է արժենալ Vertu հեռախոսների արտադրությունը: Աշխարհի ամենաթանկարժեք հեռախոսների վաճառքից ստացված տարեկան եկամուտը  կազմում է 200-300 մլն եվրո, թեեւ Nokia-ն պաշտոնապես լյուքս հեռախոսների առանձին տվյալները չի հրապարակում:

Nokia-ն բջջային հաղորդակցական տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերություններից է:  Սակայն վերջին տարիներին Nokia-ի մասնաբաժինը շուկայում նվազում է, 2011թ. կեսերին այն կազմել է շուրջ 23%: Nokia-ն սմարթֆոնների վաճառքի քանակով  երրորդ տեղում է հայտնվել` առաջին երկու հորիզոնականները զիջելով ամերիկյան Apple-ին եւ հարավկորեական  Samsung-ին: