Պարզվել է կեսգիշերին «Ալմաստ» գործարանի մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի ինքնությունը:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 26-ամյա Կարեն Կարապետյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ժամը 23.50-ի սահմաններում Երեւանի Ռուբինյանց փողոցում բախվել է «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2102» ավտոմեքենան այրվել է: Այրվածքներ ստացած վարորդը` 21 ամյա Ռուդիկ Մանուկյանը եւ երկու ուղեւորները՝ 20-ամյա Ռազմիկ Մովսիսյանն ու 21-ամյա Նորեկ Թորոսյանը, տեղում մահացել են, իսկ «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են BMW-525 մակնիշի 28 ՍԼ 338 համարանիշի եւ ՎԱԶ-2102 մակնիշի 43 ՕԼ 106 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի արդյունքում ՎԱԶ-2102 մակնիշի ավտոմեքենան բռնկվել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:07-ին, մարվել 00:11-ին:




























