Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Պետդումայի ընտրությունների ժամանակ արձանագրված բոլոր խախտումների դեպքերի հետաքննության անհրաժեշտության մասին, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է արել եզրահանգումներ անել:  Այդ մասին հայտարարությամբ Մեդվեդեւը հանդես է եկել Պրահա կատրած այցի ժամանակ կայացած ասուլիսում:

Ռուսաստանի ղեկավարը նկատել է, թե «կան մարդիկ, որոնք իսկապես հիասթափված են» ընտրությունների արդյունքներից, սակայն հիշեցրել է, որ խախտումների վերաբերյալ հարցերը պետք է քննեն ոչ թե «սովորական քաղաքացիները», այլ ԿԸՀ-ն եւ դատարանը:

Նախագահը համաձայնել է, որ խախտումներ «ինչ-որ տեղ» կարող էին լինել, քանի որ ընտրական համակարգը երկրում կատարյալ չէ:  Միաժամանակ Մեդվեդեւը կարծիք է հայտնել, որ ընտրությունների արդյունքները համարժեք են  հասարակության մեջ ձեւավորված քաղաքական համակրանքներին:

Ինչ վերաբերում է բողոքի զանգվածային ակցիաներին, ապա ՌԴ նախագահն այդտեղ «գերբնական» ոչինչ չի տեսնում` դա համարելով ժողովրդավարության արտահայտություն: Միաժամանակ նա ընդդիմադիրներին կոչ է արել պահպանել օրենքը, հաղորդում է  Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի էին ունեցել դեկտեմբերի 4-ին: Նախնական արդյունքներով` խորհրդարանում մեծամասնություն է ստացել  իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Դրանից հետո Մոսկվայում անցկացվում են բողոքի զանգվածային ակցիաներ: