Նոյեմբերի 12-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը որոշում կկայացնի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված հայցերի վերաբերյալ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի նախնական առարկությունների մասով։ Այս մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։
«ՄԱԿ–ի միջազգային դատարանը 2024 թվականի նոյեմբերի 12-ին Հաագայի ժամանակով ժամը 15.00-ին որոշում կկայացնի Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ Ադրբեջանի առաջ քաշած նախնական առարկությունների մասով։ Նույն օրը դատարանը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացրած հակընդդեմ հայցի շրջանակում որոշում կկայացնի Հայաստանի առարկությունների վերաբերյալ»,- ասված է դատարանի հայտարարության մեջ։
2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման համար։
2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը նախնական առարկություններ է ներկայացրել դատարանի իրավասության դեմ և, Դատարանի կանոնակարգի համաձայն, վարույթը կասեցվել է՝ մինչև այս առարկությունների վերաբերյալ Դատարանի որոշումը։




























