Վրաստանի անունն առաջին անգամ հիշատակվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական փաստաթղթում որպես «ասպիրանտ երկիր»: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, եվրաինտեգրման հարցերի պետնախարար Գեորգի բարամիձեն:
«Վրաստանն առաջին անգամ դարձել է ՆԱՏՕ-ի ասպիրանտ երկիր: Դա յուրահատուկ տերմին է եւ Վրաստանն այն երկրների շարքում է, որոնք ստացել են ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլանը: Այդ շարքում են նաեւ Մակեդոնիան, Չեռնոգորիան, Բոսնիա եւ Հերցոգովինան»,-ասել է Բարամիձեն:
Զուգահեռաբար Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, ձեռնպահ մնալ Վրաստանի հետ այնպիսի զարգացումներից, որոնք այդ երկրի ղեկավարությանը կդրդեին նոր ավանտյուրաների, ինչպիսին տեղի ունեցած 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում:
«Ինտերֆաքսը» նշում է, որ Լավրովը հիշեցրել է Վրաստանի նախագահի հոգեկան վիճակի մասին: Լավրովը խորհուրդ է տվել Վրաստանի վարչակազմին որեւէ իլյուզիաներ չտալ, որոնք կարող են դրդել նրան այնպիսի գործողությունների, ինչպիսիք տեղի ունեցան 2008-ի օգոստոսին: Լավրովի խոսքով, այդ գործողությունները տեղի ունեցան ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթաժողովից հետո, որտեղ Վրաստանին խոստացել էին անդամակցություն Դաշինքին, հաղորդում է NEWSru.com-ը:



























