G7 երկրների, ինչպես նաև Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի արտգործնախարարները հայտարարել են, որ լրջորեն անհանգստացած են Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի տեղակայմամբ և Ուկրաինայի դեմ պատերազմում դրանց օգտագործման հնարավորությամբ, հայտնել է Reuters-ը։
«ԿԺԴՀ-ի ուղղակի աջակցությունն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին, ի լրումն այն բանի, որ ցույց է տալիս Ռուսաստանի հուսահատ ջանքերը՝ փոխհատուցելու իր կորուստները, հակամարտության վտանգավոր ընդլայնում է նշանակում»,-ասված է արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:
Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միաժամանակ «խստորեն դատապարտել են» Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը, ներառյալ Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների «ապօրինի գնումը»:
Financial Times պարբերականը, վկայակոչելով ուկրաինական հետախուզությունը, այսօր հաղորդել է, որ Կուրսկի մարզում տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի և ԿԺԴՀ-ի զինվորականների միջև առաջին ռազմական բախումը։




























