Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին:

Վարչապետը նորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, ընդգծել, որ նրա պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում էական և տեսանելի բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում՝ խափանման միջոցների նոր ձևերի կիրառումը, թվայնացման ուղղությամբ իրականացված զարգացումները, ենթակառուցվածքների, կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները, օրենսդրական բարեփոխումները և այլն: «Պիտի ընդգծեմ նաև և հատուկ գնահատանքի խոսքեր ասեմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացում Արդարադատության նախարարության կողմից պրոցեսի իրավական ուղեկցման համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ըստ էության, վերջին տարիներին, մեծամասամբ՝ պարոն Մինասյանի պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտի, դատաիրավական համակարգի կողմից Կառավարությունից ունեցած ակնկալիքների մեծ մասը բավարարվել է, որոնք իրենց ծավալներով և ձևով աննախադեպ են եղել: «Թերևս եկել է ժամանակը, կամ անցել է, գուցե շատերի ընկալմամբ, հանրային ընկալմամբ, որ այդ բոլոր գործողությունները տան արդյունքներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: