ԱՄՆ նախագահական ընտրությունից է կախված նաև Հայաստանի իշխանության ճակատագիրը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Հայ արևմտամետների «ոռնոցն» է այս ժամերին. այս ընտրությունից է կախված նաև ՀՀ իշխանության ճակատագիրը։ Տարածաշրջանում կախված աշխարհի այս գլոբալ փոփոխությունների ֆոնին, որտեղ մեր տարածաշրջանը կիզակետերից մեկն է, որևէ հստակ բան ասել միամտություն կլինի։ Մենք տեսնում ենք, թե ինչ արագությամբ է իրավիճակ փոխվում։ Ամեն ինչ հնարավոր է, ես չեմ պնդում, որ ճաքեր կտա, բայց նաև չե բացառում»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով նաև Նիկոլ Փաշինյանի կողմից իր թիմում առկա խնդիրները վերահսկելուն։
Անդրադառնալով իշխանության ներսում առկա լարվածությանը՝ քաղտեխնոլոգն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում այս իշխանության ներսում, տեղի է ունեցել գրեթե բոլոր իշխանությունների օրոք․
«Հայաստանի նման երկրներում, հետխորհրդային երկրներում, երբ իշխանությունն արդեն դառնում է սանձարձակ, երբ չկա պայքար ռեալ իշխանության, սկսում է կլանային պայքարը։ Կլանային պայքարը սկսում է այն ժամանակ, երբ կա կիսելու բան։ Այսինքն՝ կան ահռելի ֆինանսական հոսքեր, բավականին լուրջ լծակներ և՛ ադմինիստատիվ, և՛ ուժային, և այդ ամենը կիսելու և ազդեցության ոլորտները բաժանելու խնդիր կա․ սկսած պետական գնումներից, որովհետև մենք տեսնում ենք, որ դա մեկ աղբյուրից է լինում։ Բոլորը սկսել են փողոցից, չեն ունեցել ոչինչ, հիմա մի մասը հասկանում են, որ վարում են մեքենաները, դղյակներ, հագնում են թանկարժեք բրենդները, մի մասը հեռու է դրանից, երրորդ մասը հիփոթեքի ճկռում է։ Դա, բնականաբար, բերում է տարբեր տեսարանների․ մենք իրար հետ սկսել են, ինչո՞ւ նա այսպես լինի, իսկ ես՝ այսպես։ Այս իշխանությունների օրոք ինչպես ամեն ինչը կրում է այլասերված բնույթ»։
Հարցին՝ ստացվում է, որ իշխանությունը բաժանվել է թևերի և այժմ վերահսկողությունից դո՞ւրս են գալիս, Քոչարյանը պատասխանեց․
«Ես կարծում եմ՝ հիմա արդեն վերահսկողությունից դուրս են գալիս, որովհետև օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանի նման փորձառու գործիչը շատ լավ հասկանում է, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խաղաղություն ու դա չի լինում, ավելին՝ թե՛ Ադրբեջանն ու Թուրքիան, թե՛ աշխարհաքաղաքական կենտրոնները անլուրջ են վերաբերվում, որ նա հեգնանքի առարկա է դարձել դրսում ու չեն էլ թաքցնում, բոլորը սկսում են ման գալ նոր հովանավորներ, այսինքն՝ կտուրների։ Համոզված եմ, որ նույն իշխանական թևում խաղում են շատ օլիգարխներ, որոնք չեն երևում, ստվերում իրենց լոբբինգն է, իրենց շահերն են»։











