Եվրոյի գոտու 17 երկրների եւ այդ միությանը միանալ ցանկացող մնացած երկրների միջեւ նոր պայմանագրի նախագիծը պատրաստ կլինի 2012թ. մարտին: Գագաթաժողովի ընթացքում նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Բրյուսելում Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովի մասնակիցները ուրբաթ օրվա գիշերը չեն կարողացել ԵՄ պայմանագրում փոփոխություններ կատարելու շուրջ համաձայնության գալ, որոնք ենթադրում էին բյուջետային միջոցների վատնումների եւ ԵՄ 27 անդամ երկրների պետական պարտքերի ծավալների վերահսկողության խստացում: ԵՄ մակարդակով բյուջետային վերահսկողության խստացումը արգելափակել է Մեծ Բրիտանիան, որը միասնական եվրոպական արժույթ չի օգտագործում: Դրա փոխարեն Եվրամիության ղեկավարները դիտարկել են եվրոյի գոտու 17 երկրների միջեւ նոր պայմանագրի կնքման հնարավորությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Եվրագոտու երկրների համաձայնագրին միանալու ցանկություն են հայտնել եվրոպական 6 այլ երկրներ եւս, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Այսպիսով, Եվրամիության 27 երկրներից 23-ը միացել են նոր համաձայնագրին, ներառյալ` ողջ եվրագոտին:
ԵՄ գագաթաժողովի նախագծում ասվում է, որ կսահմանվի հատուկ ընթացակարգ, որով եվրագոտու երկրների ծրագրած տնտեսական քաղաքականության հիմնական բոլոր բարեփոխումները կքննարկվեն եւ կհամակարգվեն եվրագոտու մակարդակով: Եվրագոտու երկրների գագաթաժողովներ կանցկացվեն տարեկան նվազագույնը երկու անգամ:
Առայժմ եվրագոտու երկրները իրենց տնտեսական գործողությունները միասնական արժույթի տարածաշրջանի մակարդակով համաձայնեցնելու մեխանիզմներ չունեն եւ, որպես կանոն, դրանք համաձայնեցնում են Եվրահանձնաժողովի հետ:
Բացի այդ, եվրագոտու պետությունները մտադիր են Արժույթի միջազգային հիմնադրամին 200 մլրդ եվրո հատկացնել: Այդ միջոցները կարող են ուղղվել եվրագոտում ճգնաժամի հաղթահարմանը: Օրակարգում է նաեւ Ֆինանսական կայունության մշտական մեխանիզմի համալրումը 500 մլրդ եվրոյով:
ԵՄ ղեկավարները որոշել են այդ մեխանիզմը ներմուծել ավելի վաղ նշված ժամկետից շուտ` ոչ թե 2013թ. կեսերին, այլ 2012թ. հուլիսին: Սակայն այն կարող է գործել միայն այն դեպքում, երբ մեխանիզմի կապիտալում 90% ներդրում կատարելու պարտավորություն ստանձնած երկրները վավերացնեն համաձայնագիրը:




























