Դեռ չեմ հասցրել ծանոթանալ «խաղաղության պայմանագրի» նախագծին, քանի որ սա իմ աշխատանքային երրորդն օրն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Բայց ես ստանձնել եմ պատասխանատվություն՝ ապահովելու խաղաղության ողջ գործընթացի  իրավական ուղեկցումը, իրավական ապահովումը: Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ իրական Հայաստանի գաղափարախոսության հետ կապված և հանձն եմ առել պատասխանատվություն ապահովելու դրա իրավական ապահովումը»,-ասաց նա:

Ի պատասխան դիտարկմանը՝ եթե կիսո՞ւմ է Փաշինյանի վարած քաղաքականությունը, կո՞ղմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս՝ Գալյանը նշեց.«Ես խոսում եմ «Խաղաղության պայմանագրի» մասին։ Պարոն վարչապետը շատ պարզ, հասկանալի մեկնաբանություններ է տվել իր հարցազրույցներում և այդ գաղափարներն, այո՛, ամբողջությամբ կիսում եմ։

Մեր պետությունը բավականին բարդ ճանապարհով է անցել և մեզանից որևէ մեկը 5, 6 կամ 7 տարի առաջ, գուցե, չկարողանար կանխատեսել այն խնդիրը, որի մեջ մենք հայտնվելու ենք այսօր։

Այսօրվա պայմաններում ես հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին և կարծում եմ, որ բոլորս՝ այդ թվում ես, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք ապահովել խաղաղ և անվտանգային միջավայր մեր երկրում»։