Հայաստանի Սահմանադրության հարցը չի հանդիսանում խաղաղության պայմանագրի մաս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«ՀՀ-ն Ադրբեջանի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ քննարկում ևս չկա: Հայաստանի կողմից հնչել է մի քանի առաջարկ՝ վստահության ամրապնդման մեխանիզմների վերաբերյալ, այդ թվում փոխադաձ վերահսկողության»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունների ձևաչափին` փոխարտգործնախարարը նշեց՝ երկու երկրների միջև բանակցություններն ուղիղ են ընթանում։
«Բայց կան Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ իրապես հետաքրքրված գործընկերներ, որոնք փորձում են դրականորեն աջակցել այս օրակարգին»,- նշեց Կոստանյանը։
Փոխարտգործնախարարը նաև նշեց՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը թեպետ որպես կետ չկա խաղաղության համաձայնագրի նախագծում, բայց թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են։
Նա հիշեցրեց, որ երկու երկրների փոխվարչապետները սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո նաև քննարկել են այս հարցը:











