Այսօր ստորագրահավաքի 3-րդ օրն է, արդեն հավաքել ենք 6800 ստորագրություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը ստորագահավաք է  կազմակերպել տրանսպորտի թանկացման դեմ:

«Սա համարում եմ շատ լավ, մարդիկ շատ ակտիվ են, որովհետեւ խոսքն իրենց առօրյա կյանքի մասին է»,-ասաց նա:

Մարությանը նշեց, որ եթե ռեսուրս ունենային և 10 000 հոգի դուրս գար ստորագրահավաք անելու, 100 000-ավոր մարդիկ կմիանային․ «Մարդկանց 95 տոկոսը դեմ է տրանսպորտի թանկացմանը»։

Դիտարկմանը, որ այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչներ նախորդ իշխանությունների ժամանակ՝ 2013-ին, պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ,մ իսկ այսօր լուռ են, Մարությանն ասաց. «Այդ հարցի պատասխանը շատ պարզ է՝ իրենք իշխանության են, իրենք տաքուկ նստած են իրենց տեղերում, օգտվում են պետական թանկ մեքենաներից։ ԱԺ նախագահը կամ քաղաքապետը կարող են մեքենա ունենալ, բայց այդ մեքենաները պետք է ամենաէժան մեքենաները լինեն, որովհետեւ մեքենայի գնով կամ որակով չի որոշվում որեւէ պաշտոնյայի դիրքը, անելիքը: Իրենք շատ լավ տեսնում են՝ ինչ է կատարվում, եթե ցանկություն ունենան՝ կմիանան ստորագրահավաքին»:

Մարությանը նշեց, որ երբ իրենք ժամանակին սկսեցին տրանսպորտի ռեֆորմը, այդ ժամանակ ոլորտը սուբսիդավորվում էր 2 մլրդ դրամի չափով. «Հիմա մուտքերը վստահաբար շատացել են եւ վստահաբար կարելի է այնպես անել, որ տրանսպորտի վարձը մնա 100 դրամ: Պետք է համայնքը սուբսիդավորի տրանսպորտը, իսկ եթե չկարողանա, նաեւ պետությունը»:

Նախկին քաղաքապետռը հայտարարեց, որ ժամացույցի պես աշխատող աղբահանության հիմնարկը հիմա նորմալ չի աշխատում. «Իրենք չեն ուզում խոստովանել, որ իրենք պարզապես չեն կարողանում կառավարել: Մեկը կարողանում է լավ վազել, մյուսը կարողանում է լավ երգել, մոյսւը ֆիզիկայով զբաղվել: Իրենք կարող է՝ մի ուրիշ բան են կարողանում լավ անել: Կառավարման տաղանդը իրենք չունեն:

Ես բազմիցս հայտարարել եմ, որ իմ օրոք Երեւանի տրանսպորտը չի թանկանալու: Ոչ մի կորելաացիա չպետք է լինի տոմսի գնի եւ նրա միջեւ, թե որքան է դա նստում: Տրանսպորտը սոցիալական հարց է լուծում, սա բիզնես չի, համայնքը չպետք է փող աշխատի: Պետք է սուբսիդավորի պետությունը կամ համայնքը, որովհետեւ մեզ մոտ տրանսպորտից օգտվում են մարդիկ, որոնք այլ տարբերակ չունեն»,- Մարությանը: