Մեր ուժը պատրաստվում է ընտրությունների, մեր թիմակիցները կարծում են, որ երկրում իշխանությունը պետք է փոխվի ընտրությունների միջոցով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը ստորագահավաք է  կազմակերպել տրանսպորտի թանկացման դեմ:

«Երբեւիցե կլինի՞ գոնե մի անգամ, որ հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ, որ ընտրություններով փոխվի իշխանությունը: Այդպիսի դեպք չի եղել»,-ասաց նա:

Անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ իր պայքարին, Մարությանը հերքեց, որ սա նախընտրական քարոզղարշավի մաս է: Նրա խոսքով, սա ապաքաղաքական նախաձեռնություն է եւ ժողովրդի մեծամասնությունն անգամ չգիտի, որ հունվարի 1-ից տրանսպորտը թանկանալու է:

«Մենք կրկին հորդորում ենք իշխանություններին, որ խելքի գան, սա չի կարելի անել: Իրենք իրավունք չունեն հարվածել առանց այն էլ դժվարին վիճակում գտնվող մարդկանց:

Ես չեմ մտածում այն ուղղությամբ, որ կարող է այս որոշումը չչեղարկվի: Ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք հասնել նրան, որ չեղարկվի: Այստեղ շատ դժվար է լինելու հավաքած ստորագրությունները հաշվի չառնել, որովհետեւ այսօրվ քաղաքապետը այդ պաշտոնում հայտնվել է 75 հազար ձայնի շնորհիվ եւ եթե տասնյակ հազարավոր ձայներ իրենց ասեն՝  սա մի արեք, մենք դեմ ենք, ապա ի՞նչ բարոյական ու քաղաքական իրավունք կունենան իրենք այդ ամենի վրայով անցնել: Արդեն կասկածի տակ է դառնում իրենց քաղաքապետարանում նստելը»,-ասաց Մարությանը: