Շոտլանդիայում 250 կմ/ժ արագությամբ ուժեղագույն փոթորիկ է սկսվել: Նման փոթորիկ այդ կողմերում վերջին 15 տարում չէր եղել:
Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, դպրոցները եւ այլ հաստատությունները փակ են, դադարեցվել է տրանսպորտային երթեւեկությունը, օդային կապն ընդհատված է:
Յորքշիրի ափերին երեք հարյուր ուղեւորներով նավը ուժեղ քամու պատճառով չի կարողացել խարիսխ գցել եւ կրկին բաց ծով է դուրս եկել: Հողմի ուժգնությունը Հյուսիսային Էյրշիրում քամու գեներատորի բռնկման պատճառ է դարձել: Մրրիկը 50 հազար մարդու զրկել է էլեկտրականությունից:
Տարերքը քիչ է մնացել երեք ավտոմեքենաների վարորդների մահվան պատճառ դառնա, որոնց մեքենաները քշել է ջրի հոսքը: Փրկարարները միայն ուղղաթիռների միջոցով են կարողացել նրանց տարհանել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց` ցրտահարված լինելու կասկածով:
Անգլիայի եւ Ուելսի որոշ հատվածներում բնակիչներին նախազգուշացրել են ջերմաստիճանի հնարավոր նվազման եւ ձյան ուժգնացման մասին: Այդ շրջաններում մարդկանց կոչ են արել մինչեւ դեկտեմբերի 9-ի ժ. 14:00-ն (18:00` Երեւանի ժամանակով) առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս չգալ, տեղեկացնում է BBC-ն:











