Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (Cop29), որը կանցկացվի նոյեմբերի 11-13-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը։
Վրաստանի կառավարության տվյալներով՝ համաժողովը կհյուրընկալեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բաքու այցի շրջանակներում Վրաստանի վարչապետն անձնական հանդիպում կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ։ Նախատեսվում է, որ Իրակլի Կոբախիձեն ելույթ կունենա Cop29 առաջնորդների գագաթնաժողովում, ինչպես նաև կմասնակցի կլոր սեղանների ձևաչափով անցկացվող պանելային քննարկումներին։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը կենտրոնանալու է մարդկանց և տնտեսական կյանքի վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման վրա»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։




























