Մամուլում շատ գրվեց, որ Աննա Հակոբյանին սպասարկող ջիպ տեսակի մեքենան, 145 հազար դոլար են կարծեմ ասում. Կարգը ո՞նց է, անձն է որոշում, որ իր մեքենան փոխե՞ք, թե դուք 2 տարվա մեջ դուք տեսնում եք, որ ջիպն այնքան է մաշվել, որ անպայման պետք է նոր մեքենա առնեք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանին:

«Ինչքան փորձեցի օրենքում փնտրել, թե ՊՊԾ-ն մասնավոր որեւէ հավաքի անվտանգությունն ապահովում է, թե ոչ, չգտա էդ կետը: Օրերս  էլի մամուլում գրվեց, հրապարակային հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանի կինը, «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը 1 մլն դրամանոց ճաշկերույթ է կազմակերպել «Լիվինգսթոնում»: Լավ հասկանալ է, օրենքով է, որ վարչապետի ընտանիքի անդամ է, պետք է ՊՊԾ-ից 1, 2, 3, 10 ծառայող անվտանգությունն ապահովի: Բայց մասնավոր բարեգործական կազմակերպության ճաշկերույթի 3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողների ներկայությունը ո՞ր օրենքով է կանոնակարգվում»,-ասաց նա:

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Վահագն Ալեքսանյանը հարցրեց. «Հաշվե՞լ եք, պարոն Մանուկյանը»:

Հանձնաժողովի նախագահ նդրանիկ Քոչարյանն էլ ասաց. «ՊՊԾ-ն ունի իր առջեւ դրված խնդիրներ, որոնք իրացնում է իր պարտականությունները»:

ՊՊԾ պետի տեղակալ Առաքելյանը նշեց, որ ծառայությունն ինքն է որոշում ելնելով իրավիճակից, թե որտեղ եւ ում ինչ մեքենա է տրամադրվում. «Երկրորդ հարցի հետ կապված, էլի անվտանգությունից ելնելով օրենքի 6-րդ մասով, էլի իրավիճակը գնահատելով կարող է տարբեր քանակի հասնել անվտանգության աշխատակիցների թիվը»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Որեւէ տրամաբանություն չեմ տեսնում: Լավ, 1, 2, 4, 5 թիկնազոր թող լինի, բայց 3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողներ բերել եք բիզնեսմեննի ճաշկերույթին, որ ի՞նչ: Մեղք են էդ տղերքը»:

Առաքելյանն էլ ասաց. «Շնորհակալություն, որ մտածում եք մեր մասին, բայց սա ծառայություն է»: