44-օրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ վերջին 2-3 օրերին տեսնում եմ շահարկումներ, որ Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ գաղտնի թղթեր ունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովը ստեղծված է Ազգային ժողովի կողմից, դա սահմանադրական հանձնաժողով է: Այդ հանձնաժողովի կատարած աշխատանքն Ազգային ժողովի և պետության սեփականությունն են, ներկայացնելուց հետո զեկույցը կծառայի մեր երկրի անվտանգությանը, իսկ դեկտեմբեր ամսին այն փորձաքննությունների փուլը կմտնի՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցը՝ իր հատորներով, էջերով, որպես այդպիսին, ավարտված է»,- ասաց նա՝ հավելելով, որ զեկույցը բավականին ծավալուն է:
Հարցին՝ այն ամբողջությամբ կներկայացվի՞ հանրությանը, պատգամավորը պատասխանեց. «Դեռ հստակ չէ, թե զեկույցի որ մասը կլինի գաղտնի, որ մասը կհրապարակվի, բայց Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն հրապարակվելու է ամբողջ ծավալով»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք զեկույցի ներկայացման ժամկետի խախտում եղե՞լ է, Քոչարյանն ասաց. «Ոչ, եթե խախտում լիներ, հիմա գիտե՞ք՝ ինչ տեղի կունենար մեր ընդդիմադիր դաշտում։ Չկա խախտում, որովհետև վերջապես առաջին անգամ բոլորն ընկալեցին, թե կանոնակարգ օրենքի պահանջը և Սահմանադրության պահանջը իրենից ի՞նչ են ներկայացնում, առաջին հերթին՝ որակական ցուցանիշ, նոր հետո՝ թվային ցուցանիշ: Այսինքն զեկույցը ավարտվում է ԱԺ լիագումար նիստերից մեկի ժամանակ ներկայացնելու ժամանակ»։
Քոչարյանի խոսքով՝ զեկույցից հետո հնարավոր է լինեն քրեական գործեր: Ըստ նրա՝ արդեն կան հարուցված քրեական վարույթներ, որոնք թիվը կհնչեցնի լիագումար նիստերի դահլիճում։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ կան այդպիսի մոտ 1500 գործեր, Քոչարյանն արձագանքեց. «Դուք շատ մեղմ թիվ եք ասում»:











