Իրանի իշխանությունները ՄԱԿ-ին բողոքել են ամերիկյան անօդաչու թռչող սարքի կողմից իրենց սահմանը խախտելու փաստի կապակցությամբ: Դեկտեմբերի 8-ին նրանք կազմակերպությանը պաշտոնական բողոք են ներկայացրել:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Խազային դիմել է ՄԱԿ-ի ղեկավար Պան Գի Մունին` ԱՄՆ գործողությունները որակելով իբրեւ ագրեսիա եւ սադրանք: Նամակի պատճեններն ուղարկվել են նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին եւ Քաթարի ներկայացուցիչ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերին, տեղեկացնում է «Սինհուա»-ն:
Թեհրանը հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու սարքը Իրանի տարածքում առաջացել է 250 կմ:
Իրանական դաշնային հեռուստաալիքով ցուցադրված կադրերը վկայում են, որ սարքը գրեթե չի վնասվել: Թեհրանում հայտնել էին, որ RQ-170 Sentinel անօդաչու սարքը կիբեր-հարձակման միջոցով են գցել, ոչ թե ֆիզիկական, այլ էլեկտրոնային միջոցներով:




























