Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում կիրակի երեկոյան իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել են յոթ խաղաղ բնակիչներ, նրանց թվում կանայք և երեխաներ, 20 մարդ վիրավորվել է։ Դրա մասին հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղական ժամանակով մոտավորապես 17:00-ին իսրայելական «թշնամու ուժերը» ավիահարված են հասցրել գրավյալ Գոլանի բարձունքներից Դամասկոսի գյուղական շրջանի Սաիդա Զայնաբ շրջանի բնակելի շենքի վրա, հայտնում է news.cn-ը։
Հարձակումը միաժամանակ զգալի վնաս է հասցրել մասնավոր սեփականությանը։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ հարձակման թիրախ է դարձել բնակելի շենքի բնակարանը, որտեղ բնակվում էին Լիբանանի քաղաքացիներ և «Հըզբոլլահ»-ի զինյալներ:
Սիրիայի մայրաքաղաքից հարավ ընկած Սաիդա Զայնաբը շիաների հայտնի սրբավայր է: Շրջանը ավելի վաղ իսրայելական հարձակումների թիրախ է եղել:
Իսրայելը վերջին տարիներին բազմաթիվ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում՝ թիրախավորելով իրանական ռազմական օբյեկտները և «Հըզբոլլահ»-ի զենքի պահեստները:



























