Օրեինքի ուժով ԱԺ պատգամավորների 1/4-ի պահանջով այսօր  օրվա երրորդ նիստում քննարկվելու է հրատապ թեմա՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաիբերյալ և նախատեսվում է նաև հայտարարության նախագծի քվեարկություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, մեկնարկած ԱԺ նիստում հայտարարեց  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով, հարցի հրատապությունից ելնելով՝ ակնկալվում է, որ իշխող մեծամասնությունը և կառավարությունը իրենց վերաբերմունքը պետք է հստակ արտահայտեն Ադրբեջանի կողմից իրականացվող հակամարդկային արարքի վերաբերյալ։

«Սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP29-ի շրջանակենրում Հայաստանի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ և ուղերձ ուղղի միջազգային հանրությանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին  ազատ արձակելու ուղղությամբ»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

ԱԺ-ն հաստատեց օրակարգը և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սկսեց զեկուցել 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նա հայտարարեց, թե բյուջեով ամրացնում են պետության դիմակայությունը։

Նիստին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: