Չինաստանը կողմնակից է խաղաղ գոյակցության եւ հաղորդակցությունների ապաշրջափակման գաղափարին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 12-ին ասել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքի» հարցում Պեկինի դիրքորոշման մասին։
Նա հույս է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները խաղաղ երկխոսության եւ բանակցությունների միջոցով կլուծեն առկա բոլոր խնդիրները։ Նրա խոսքով՝ Պեկինը շահագրգռված է այն բանում, որպեսզի առաջատար չինական ընկերություններն իրենց դերն ունենան տարածաշրջանի զարգացման հարցում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում։ «Քանի որ մենք այս ամենում շահագրգռված ենք, ապա պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում խնդիրների խաղաղ լուծմանը՝ դրանով իսկ նպաստելով «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության զարգացմանը եւ այդ նախաձեռնությունում տարածաշրջանի ներգրավմանը»,- ավելացրել է դիվանագետը։











