Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանից ձերբակալված 4 անձանցից 3-ը պաշտոնյաներ են։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ձերբակալություններն իրականացվել են մեր մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալված 4 անձանցից 3-ը պաշտոնատար անձինք են։ Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը։

Ավելի վաղ Factor․am-ը հաղորդել էր, որ նրանք կասկածվում են հանրային սննդի օբյեկտներից լիցենզիայի պետական տուրքի գումարներն առձեռն հավաքագրելու և Կենտրոն վարչական շրջանում սուրճի ապարատներ տեղադրելու թույլտվություններ տալու համար։