Ադրբեջանը որպես հակամարտության կարգավորման հիմք շարունակում է հանդես գալ ուժի հնարավոր կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի դիրքերից։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Ադրբեջանում անօրինականորեն պահվող հայ ռազմագերիների թեմայի քննարկման ժամանակ, նոյեմբերի 12-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Բաքվի իսկական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ Թուրքիայի եւ Ադրբեջանի ծավալապաշտական, իմպերիալիստական նպատակների իրականացումը ի հաշիվ Հայաստանի կենսականորեն կարեւոր շահերի։ «Բաքվի ցեղասպանածին քաղաքականության արդյունքում Բաքվի բանտերում ներկա պահին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինչը հաստատել է ինքը՝ Ադրբեջանը, գտնվում է 23 հայ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին եւ ներկա ռազմաքաղաքական ղեկավարները»,- ընդգծել է Աբրահամյանը։




























