ՀՀ կառավարությունը 2020 թվականից ամեն օր աշխատում է Ադրբեջանում պահվող ռազմագերիներին և այլ պահվող անձանց Հայաստան օր առաջ վերադարձնելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ հրատապ նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ոչ մի օր այդ աշխատանքը չի դադարել, և այդ աշխատանքը կատարելու ու շարունակելու համար հարկավոր չէ, որևէ այլ առիթ: Այստեղ նշվեց, թե COP-ը լավագույն առիթն է, որ մենք հանդես գանք այս նախաձեռնությամբ, ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը չի փնտրում առիթ, որ զբաղվի այս հարցով»,- ասաց պատգամավորը:

Դիմելով ընդդիմությանը՝ Կոնջորյանն ասաց, որ եթե նրանց համար ինչ-որ առիթ է պետք, որ այդ աշխատանքն արվի, կառավարության համար առիթ պետք չէ, որովհետև իրենք ամեն օր զբաղվում ենք այդ աշխատանքով:

Կոնջորյանը նկատեց, որ ընդդիմության պատգամավորները այստեղ իրենց շանտաժ են անում, թե՝ հեսա կտեսնենք՝ կքվեարկեք, թե չեք քվեարկի:

«Այս նիստը, հայտարարությունը որպես մեխանիզմ, որպես գործիք չի ծառայում այն նպատակին, ինչը դուք փորձում եք այստեղ ներկայացնել: Դուք փորձում եք գերիների հարցը ծառայեցնել որպես ներքաղաքական կապիտալ կուտակելու միջոց:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը շարունակում է աշխատանքը գերիներին վերադարձնելու համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հայտարարությունը չի լուծում այդ խնդիրը, և մենք չենք կարող սխալ գործիքներով խնդիրներին ճիշտ լուծումներ տալ, հետևաբար ՔՊ-ն չի մասնակցի այս հայտարարության քվեարկությանը»,- ասաց նա: