Ապօրինի միգրանտը չի կարող դատապարտվել ազատազրկման միայն այն բանի համար,  որ փաստաթղթեր չունի: Նման որոշում է  կայացրել ԵՄ դատարանը`  ընդունելով,  սակայն, որ պետությունը կարող է ապօրինի միգրանտներին տեղավորել արտաքսմանն սպասելու վայրերում, գրում է «Nouvelles d`Arménie»-ին:

ԵՄ դատարանը քննել է Ֆրանսիայի կառավարության եւ 2008 թ-ին ապօրինի կերպով Ֆրանսիա հասած  Հայաստանի քաղաքացի Ալեքսանդր Աշուղբաբայանի միջեւ վեճը: Աշուղբաբայանը,  հրաժարվելով ենթարկվել արտաքսման պահանջին, կալանավորվել է, իսկ հետո ենթարկվել վարչական կալանքի` Ֆրանսիայի տարածքում ապօրինի գտնվելու համար:

Ֆրանսիական օրենսդրությունը երրորդ երկրի քաղաքացիների նկատմամբ նախատեսում է մեկ տարվա ազատազրկում եւ 3750 եվրոյի չափով տուգանք ` Ֆրանսիայում երեք ամիս առանց համապատասխան փաստաթղթերի բնակվելու համար:

Եվրոպական օրենսդրությունը չի արգելում կալանքի տակ պահելը` երրորդ երկրի քաղաքացու կեցության օրինականությունը որոշելու նպատակով, սակայն, ինչպես նշել է դատարանը, ազգային իշխանությունները պարտավոր են գործել «ջանադրաբար եւ որոշումներ կայացնել սեղմ ժամկետներում»:

Խախտումներ հայտնաբերելուց հետո միայն համապատասխան մարմինները պետք է «վերադարձի մասին որոշում կայացնեն»: Այդ ավարտական ընթացակարգը ճանապարհ է բացում կամավոր վերադարձի համար, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում,  կարող են կիրառել արտաքսման ստիպողական միջոցներ:

Միաժամանակ` դատարանը նշել է, որ ֆրանսիական օրենսդրությունը կալանք է նախատեսում վերադարձի ընթացակարգի ժամանակ, ինչը հակասում է եվրոպական օրենսդրությանը: