Էկվադորի ամենախոշոր՝ Լիտորալ բանտում բանտարկյալների միջև ծեծկռտուքի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ծովափնյա Գուայաքիլ քաղաքում գտնվող Լիտորալ բանտը հաճախ է դառնում անկարգությունների և սպանությունների վայր, այդ թվում՝ 2021 թվականին, երբ նման բախումներից մեկի ընթացքում մահացան 119 բանտարկյալ:
Իշխանությունները քիչ մանրամասներ են ներկայացրել, թե ինչն է դարձել վերջին բռնկման պատճառ: Բանտի աշխատակիցները հայտնել են, որ ոստիկաններ և զինվորականներ են ուղարկվել բանտ՝ այն վերահսկողության տակ առնելու նպատակով:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ բանտի վրայով ուղղաթիռներ են թռչում, իսկ բանտարկյալների հարազատները հավաքվել են դարպասների մոտ՝ իրենց սիրելիներին այցելելու համար:




























