Լիբանանը հետաքրքրված է Հայաստանում ձմեռային զբոսաշրջությամբ: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 9-ին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սաբունջյանի եւ զբոսաշրջության նախարար Ֆեդի Աբուդի հետ հանդիպումից հետո:
Լիբանանի եւ Հայաստանի տնտեսական բլոկի նախարարներն ընդհանուր առմամբ քննարկել են հարցերի լայն շրջանակ, քանի որ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի Հայաստան այցի շրջանակներում 2 երկրների միջեւ կնքված 7 համաձայնագրերից 4-ը վերաբերել են տնտեսությանը:
Ֆ. Աբուդը մասնավորապես նշեց, որ 2 երկրների միջեւ կապերը պետք է հասցնել այնպիսի մակարդակի, որպեսզի փոխադարձ այցելությունները միայն հայկական գաղթօջախի հետ կապերով պայմանավորված չլինեն: Երկու երկրների նախարարները պատրաստվում են նաեւ կազմակերպել գործարար հանդիպումներ, որպեսզի մասնավոր հատվածն ավելի վստահ համագործակցի:
NEWS.am-ի այն հարցին, թե որքանո՞վ են հայաստանյան ձմեռային զբոսաշրջային կենտրոնները գրավիչ լիբանանացիների համար, Տ. Դավթյանն ասաց, որ հյուրերին ծանոթացրել է հյուրանոցներին ու նրանց գներին, ինչպես նաեւ ինքն է ծանոթացել նրանց ենթակառուցվածքներին: Տ. Դավթյանի խոսքով` Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների գներն անհամեմատ ցածր են, քան Լիբանանում: Բացի այդ` Հայաստանում նոր հյուրանոցային բրենդային ցանցերի մուտքը կնպաստի մեր երկրի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրության աճին:




























