Հայ գիտնականների հիմնարար հետազոտությունները, գաղափարները եւ երազանքները պետք է իրականացվեն Հայաստանում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 13-ին ասել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Դրանք, նշել է նա, պետք է դառնան փորձանմուշներ, մտնեն սերիական արտադրություն եւ, վերջապես, արտահանվեն։ «Նորարարությունները պետությունում կարեւոր են տնտեսության արագ զարգացման, կյանքի որակի բարձրացման, ինչպես նաեւ կրթության, առողջապահության համար։ Դրանք թույլ կտան քաղաքացիներին տրամադրել նոր հնարավորություններ»,- ասել է Հայրապետյանը։

Կառավարությունում կարծում են, որ Հայաստանն առաջիկայում պետք է վերածվի ծառայություններ մատուցող երկրից արտադրանք արտադրող երկրի։ «Եվ դա պետք է միջազգային բրենդ լինի, միջազգային ներկայացուցչություն տեխնոլոգիաների աշխարհում»,- ընդգծել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։