Երեւանի Միկան մրցաշրջան - 2011-ը սկսեց բավական հաջող: Գավաթի խաղարկության եզրափակիչում 4:1 հաշվով հաղթելով Շիրակին, թիմի խաղացողները լավ հող ստեղծեցին հետագա հաջողությունների համար: Սակայն շուտով տեղի ունեցավ գլխավոր մարզչի փոփոխություն: Սլովակ Յոզեֆ Բուբենկոյի գլխավորությամբ Միկան բարելավեց արդյունքներն առաջնության վերջնամասում, բայց բավարարվեց միայն 5-րդ տեղով: Դեկտեմբերի 1-ից Բուբենկոն եւս հեռացել է թիմի եւ գլխավոր մարզչի պաշտոնն առայժմ թափուր է:

Մրցաշրջանի ընթացքում Միկայի ելույթները News.am-ի խնդրանքով գնահատում են Միկայի սպորտային տնօրեն Արմեն Պետիկյանը, երկրորդ մարզիչ Արամ Ոսկանյանը եւ թիմի առաջատար խաղացողներից մեկը` Աղվան Մկրտչյանը:

«Միկայի համար 5-րդ տեղն առաջնությունում, բնականաբար, անընդունելի է: Միակ մխիթարանքը կարող է լինել երկրի գավաթը, որի շնորհիվ թիմը հանդես եկավ Եվրոպայի լիգայում: Սակայն մրցաշրջանը հաջող համարել չի կարելի: Թիմի մարզչի փոփոխությունն ու մի քանի ֆուտբոլիստների հեռանալը խնդիրներ առաջացրին: Այժմ աշխատում ենք հաջորդ մրցաշրջանի համար: Հուսով եմ 2012-ին մենք կհասնենք լավ արդյունքի»,- հայտարարեց թիմի սպորտային տնօրեն Արմեն Պետիկյանը:

«Հայաստանի գավաթի խաղարկությունում հաղթանակ տանելուց հետո թիմն ունեցավ որոշակի խաղային անկում: Մարզչի փոփոխությունից հետո արդյունքները աստիճանաբար բարելավվեցին: Նոր մարզչին անհրաժեշտ էր ժամանակ` թիմի օպտիմալ կազմ գտնելու համար: Եթե վերջին տուրում Միկան հաղթանակ տաներ, ապա կգրավեր մրցանակային տեղ, սակայն դա տեղի չունեցավ: Սակայն առաջնության վերջնամասը ցույց տվեց, որ թիմը մեծ ներուժ ունի»,- նշեց մարզիչ Արամ Ոսկանյանը:

Թիմի առաջատար խաղացողներից մեկի` Աղվան Մկրտչյանի կարծիքով, Միկան առաջնությունը հավասար չանցկացրեց, այդ պատճառով էլ հաջողության հասնել առաջնությունում չկարողացավ, թեեւ նվաճել էր գավաթը:

«Առաջնության վերջնամասում Միկան դարձյալ սկսեց խաղալ արդյունավետ եւ հավաքել միավորներ: Մրցաշրջանի միջնամասում որոշակի խաղային ճգնաժամը թույլ չտվեց մեզ պայքարել բարձր տեղերի համար, բայց Միկան իր խաղող ապացուցեց, որ թիմն ունի լավ ֆուտբոլիստներ, որոնք ապագայում կարող են խնդիրներ լուծել»,- եզրափակեց Աղվան Մկրտչյանը:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը