Մասաչուսեթսի օդային ազգային գվարդիայի նախկին զինծառայող Ջեք Թեյշեյրան պաշտպանության նախարարությունից գաղտնի տեղեկություն գողանալու և առցանց տարածելու համար երեքշաբթի դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի գլխավոր դատախազին։
Տեյշեյրան դատարանում ներողություն է խնդրել և խոստովանել իր պատասխանատվությունը:
ԱՄՆ դատախազությունը պահանջել էր 200 ամսվա կամ մոտ 17 տարվա ազատազրկում, ինչն առավելագույնն է Թեյշեյրայի և դաշնային դատախազների միջև համաձայնագրով։
Դատավոր Ինդիրա Թալվանին նշել է, որ փաստաթղթերի արտահոսքը տեղի է ունեցել մանրակրկիտ նախապատրաստումից հետո, որի ընթացքում հաշվի են առնվել արտահոսքի հետևանքները, և այն բանից հետո, երբ Թեյշեյրան զգուշացվել է գաղտնի նյութերի հետ վարվելու մասին, հաղորդում է WJAR-ը:
Թեյշեյրայի փաստաբանները նվազագույն պատժաչափ էին պահանջում՝ նշելով, որ առավելագույն 200 ամիս պատիժն ավելին էր, քան կառավարությունը պահանջել էր մեծ քանակությամբ գաղտնի փաստաթղթեր հրապարակելու մեջ մեղադրված Ջուլիան Ասանժի համար: Փաստաբանները պնդում էին, որ Թեյշեյրայի աուտիզմը և մեկուսացումը համավարակի ժամանակ ազդել են նրա վարքագծի վրա:
Թեյշեյրան մարտին մեղավոր է ճանաչվել լրտեսության մասին օրենքի և ազգային պաշտպանության մասին տեղեկության գիտակցաբար տիրապետելու և փոխանցելու վեց կետերով: Մեղադրանքը համաձայնության մի մասն էր, որը նախատեսում էր 11-17 տարվա ազատազրկում: Նրան ձերբակալել է ՀԴԲ-ն 2023 թվականի ապրիլին Մասաչուսեթս նահանգի Հյուսիսային Դեյթոն քաղաքում և 2023 թվականի մայիսի կեսերից դաշնային կալանքի տակ է:





























