Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ չնայած հիմնարար տարաձայնություններին, Իրանի և ԱՄՆ-ի միջև դեռևս կան շփման միջոցներ, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Չորեքշաբթի կառավարության ամենշաբաթյա նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում Արաղչին ասել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև մի շարք տարաձայնություններ այնքան հիմնարար են, որ դրանք կարող են ընդմիշտ չլուծվել:

«Սակայն մենք պետք է զբաղվենք դրանցով, որպեսզի նվազեցնենք ծախսերն ու լարվածությունը»,-շեշտել է նա։

Պատասխանելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի՝ Իրան կատարելիք այցի մասին հարցին՝ Արաղչին նշել է, որ Իրանը և ՄԱԿ-ի միջուկային գործակալությունը ներգրավված են լայնածավալ և երկարատև համագործակցության մեջ՝ չնայած մի շարք մարտահրավերներին և համագործակցության վերաբերյալ տարբեր տեսակետներին: Հույս հայտնելով, որ Իրանը և ԱԷՄԳ-ն համաձայնության կգան Գրոսսիի այցի ընթացքում մի շարք տարաձայնությունների շուրջ՝ Արաղչին հայտարարել է, որ ՄԱԿ-ի միջուկային ծառայության ղեկավարը «դրական տրամադրվածություն ունի»: