Հայաստանի եւ Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում Աղվերանում տեղի է ունեցել երկօրյա միջազգային սեմինար` «Ուսանողների մասնակցությունը բարձրագույն կրթության կառավարմանը» թեմայով:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումն իրականացվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Եվրոպայի Խորհուրդի,, Ուսանողների Եվրոպական միության հետ համատեղ: Սեմինարին մասնակցել են աշխարհի ավելի քան 15 երկրից ժամանած ուսանող-պատվիրակներ: Սեմինարի ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության կառավարմանն ուսանողների մասնակցության հնարավորությունները, ներկայացվել են առկա հիմնական խնդիրները եւ խոչընդոտները, ինչպես նաեւ լուծումների վերաբերյալ առաջարկներ:
Սեմինարի ընթացքում ներկայացվել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) բարձրագույն կրթության կառավարման գործընթացում ուսանողների մասնակցության վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաեւ քննարկվել են համալսարանական կառավարմանն ուսանողների ինստիտուցիոնալ մասնակցության վերաբերյալ ազգային ռազմավարությունները:
Ամփոփելով երկօրյա սեմինարի աշխատանքները` ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը նշել է, որ սա Հայաստանի եւ Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում չորրորդ միջոցառումն է: Նա տեղեկացրել է, որ հուլիսի 3-10-ը անց է կացվել «Ուսանողների դերն ու ներգրավվածությունը Բոլոնիայի գործընթացում» թեմայով ուսանողական միջազգային ամառային դպրոցը, սեպտեմբերի 7-ին Երեւանում տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի խորհրդի հանդիպումը, որին մասնակցել են խորհրդի անդամ երկրների` Հայաստանի, Լեհաստանի, Հունգարիայի, Դանիայի, Ռումինիայի բարձրագույն կրթության ոլորտի եւ խորհրդատու մարմինների` Եվրախորհրդի, Ուսանողների եվրոպական միության եւ Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչները, իսկ սեպտեմբերի 8-ին` «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» թեմայով միջազգային համաժողովը: Սեմինարի ավարտին Կ. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար եւ նշել, որ մեր երկրի համար Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը պարտավորեցնող եւ պատվաբեր է եղել: Սեմինարը Հ Հ կողմից Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում նախատեսած համաեվրոպակամ եզրափակիչ միջոցառումն էր:



























