Հակակոռուպցիոն ծրագրեր մշակելը դեռ կոռուպցիան արմատախիլ անելու խնդրի լուծում չէ: Այսօր՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով, անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի տարածվածությանն ու առանձին ոլորտներում դրա առկայությանը, ասել է Գյումրիում գործող փաստաբան Աննա Դավթյանը: «Անհրաժեշտ  են արմատական փոփոխություններ, իսկ, որպես նախապայման պետք է առանձնացնել աշխատավարձի բարձրացումը: Այդ դեպքում, եթե նույնիսկ կոռուպցիոն երեւույթներն արմատախիլ չարվել, գոնե նվազագույնի կհասցվեն»,- ընդգծել է նա:

Աննա Դավթյանի ներկայացմամբ, դատաիրավական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր դեր ունեն ոլորտների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հասարակության տարբեր խավերի լուրջ ներգրավվածությունը, եւ, որ ամենակարեւորն է, ընդունված օրենքների կիրառումը:

Իր հերթին Գյումրիի Շտապ բուժօգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը նշել է. «Առողջապահական համակարգում կատարված վերջին փոփոխությունները որոշակիորեն նպաստել են աշխատանքի թափանցիկությանը, սակայն խոսել այն մասին, թե անելիքներ այլեւս չկան, ճիշտ չի լինի: Իսկ ցանկալի արդյունքի հասնելու նախապայման կհանդիսանա ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձերի բարձրացումը»: