2017 թվականի նոյեմբերին 83 տարեկան հասակում բանտում մահացած հանցագործ Չարլզ Մենսոնն, ըստ երևույթին, ավելի շատ մարդկանց է սպանել, քան ավելի վաղ հայտնի էր։ Դրա մասին հայտնում է The Guardian-ը։

Բրիտանական պարբերականն ուշադրություն է հրավիրել Մենսոնի մասին Peacock ից նոր վավերագրական ֆիլմաշարի teaser-ի (գաղտնիքի կառուցվածքով գովազդային հաղորդագրություն)  վրա։ Թիզերը պարունակում է բանտում պատիժը կրելու ընթացքում հեռախոսով նրա խոսակցության ձայնագրությունը։

«Իմ կենսագրության զգալի մասի մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Որոշ ժամանակ ապրել եմ Մեքսիկայում։ Գնացի Ակապուլկո ու մի քանի մեքենա փախցրի։ Ես խրված եմ գործերի մեջ, ախպերս։ Ես մասնակցել եմ սպանությունների: Մեխիկոյում կրակել եմ մի քանի 357 Magnum փամփուշտներով, սպանել եմ մի քանի մարդկանց լողափում», - մեջբերում է պարբերականը Մենսոնի խոսքերը։

Երեք դրվագներից բաղկացած Ֆիլմը հիմնված է 20 տարի ժամանակաշրջան ընդգրկող նյութերի, դրանց թվում՝ Մենսոնի զրույցների ձայնագրությունների վրա։ Թե ինչպես են դրանք հայտնվել ֆիլմի հեղինակների մոտ, և արդյոք ամերիկյան իրավապահ մարմինները տեղյակ են դրանց բովանդակությանը, մասնավորապես՝ սպանությունների խոստովանություններից, չի նշվում։ Սերիալի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 19-ին Peacock հոսքային հեռարձակման հարթակում։

Չարլզ Մենսոնը 20-րդ դարի ամենահայտնի ամերիկացի հանցագործներից է։ 1969-ի ամռանը նա և իր երեք հանցակիցները՝ իր «Ընտանիք» համայնքի անդամները, դաժանաբար սպանել են յոթ մարդու, նրանց թվում՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին։ Չնայած Մենսոնը սպանությունների անմիջական հեղինակը չէր, սակայն մեղավոր ճանաչվեց դրանք կազմակերպելու մեջ և դատապարտվեց մահապատժի, որը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։