Երեւանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա տեղի կունենա, որի մասնակիցները պահանջելու են ռուսական ընդդիմության առաջնորդների եւ ընդդիմադիր գործիչների անհապաղ ազատ արձակում, նրանց կողմից կազմակերպվող խաղաղ ցույցերի եւ երթերի թույլատրում:
Կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Ինչպես եւ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող, սակայն ավտորիտար ռեժիմներ ունեցող շատ երկրներում, այնպես էլ Ռուսաստանում վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե որքան անպաշտպան է մարդը նման պայմաններում եւ ինչ է պատահում նրա հետ, երբ փորձ է արվում կազմակերպել բողոքի ակցիաներ` կեղծված ընտրությունների եւ երկրում տեղի ունեցող անօրինականությունների դեմ:
Մենք` Հայաստանում նմանատիպ դրսեւորումների դեմ հանդես եկող քաղաքացիներս, մեր վրդովմունքն ենք հայտնում ժողովրդավարացման գործըթնացների ջատագովներին բանտերը նետելու քաղաքականության դեմ, անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունենում` Մոսկվայում, Կահիրեում, Մինսկում, թե Մոգադիշոյում:
Շաբաթ օրը` դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին ՌԴ դեսպանության դիմաց պահանջելու ենք ընդդիմության առաջնորդների եւ ընդդիմադիր հասարակական գործիչների անհապաղ ազատ արձակում, նրանց կողմից կազմակերպվող խաղաղ ցույցերի եւ երթերի թույլատրում, ինչպես նաեւ ազատ խոսքի դեմ սանձազերծված ապօրինի քաղաքականության դադարեցում:
Ազատ քաղաքացիներ»



























