Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերն այսօր Լիբանանում դադարեցրել են լիբանանա-իսրայելական սահմանի պարեկության գործողությունները: Նրանք մտահոգված են, որ Տիր քաղաքում պայթյուններին կհաջորդեն խաղաղապահների դեմ ուղղված այլ ահաբեկչություններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ այսօր Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել են ՄԱԿ-ի առաքելության ֆրանսիական պարեկի հինգ խաղաղապահներ:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն այսօր Երեւանում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել էր, որ Տիր քաղաքում իրականացրած ահաբեկչության մեղավորները կհայտնաբերվեն եւ կպատժվեն:
Լիբանանի նախագահի խոսքով, ահաբեկիչները ցանկանում են հասնել երկրից խաղաղապահների դուրսբերմանը եւ խաղաղ գործընթացի տապալմանը. «Նման գործողությունները չպետք է վիժեցնեն խաղաղ գործընթացը: Այսպիսի ահաբեկչական գործողությունները չպետք է բերեն խաղաղապահ ուժերի նահանջի եւ աշխարհում ահաբեկչական կազմակերպությունների ազդեցության մեծացման»:
Լիբանանի նախագահը վստահություն է հայտնել, որ խաղաղության հաստատման համար ջանք թափող Ֆրանսիան չի տրվի այս սադրանքին. «Ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը թույլ չի տա, որ ահաբեկչական ցանցն ընդլայնվի եւ ահաբեկչությունների թիվը տարածաշրջանում մեծանա»:




























