Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ուրբաթ այցելել է Իրանի միջուկային վառելիքի հարստացման օբյեկտներ Ֆորդոյում և Նաթանզում, հայտնում է Mehr գործակալությունը։
Այցի ընթացքում Գրոսիին ուղեկցել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) միջազգային, իրավական և խորհրդարանական հարցերով փոխնախագահ Բեհրուզ Քամալոնդին, ինչպես նաև Իրանի արտգործնախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
ԱԷՄԳ-ի ղեկավարը չորեքշաբթի երեկոյան ժամանել է Թեհրան և հինգշաբթի բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱԷՄԻ նախագահ Մոհամմադ Էսլամիի հետ։
Արաղչին Գրոսիին ասել է, որ Իրանը պատրաստ է լուծել իր միջուկային ծրագրի շուրջ մնացած վեճերը, սակայն ճնշումներին անձնատուր չի լինի:
Իր հերթին, Էսլամին ԱԷՄԳ -ի ղեկավարին հայտարարել է, որ «վճռական և օպերատիվ» կպատասխանի երկրի խաղաղ միջուկային ծրագրի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին կամ գործողությանը:
Իրանի նախագահն, իր հերթին, Գրոսիի հետ զրույցում ընդգծել է երկրի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի կրոնական հրամանագիրը, որով արգելում է միջուկային զենքի ստեղծումը։




























