Վրաստանի արդարադատության նախարարության ազգային արխիվի եւ Հայաստանի ազգային արխիվի միջեւ  այսօր` դեկտեմբերի 9-ին համագործակցության հուշագիր է ստորագրվել,  հայտնում է վրացայան «Պիրվելի»> գործակալությունը:

Հուշագիրը ստորագրել են Վրաստանի ազգային արխիվի ղեկավար Թեոնա Իաշվիլին եւ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Ստորագրված հուշագիրը ենթադրում է երկու երկրների վերաբերյալ գոյություն ունեցող փաստաթղթերի պատճենների փոխանակում, ինչպես նաեւ միասնական ծրագրերի իրականացում»,-նշել է Վրաստանի ազգային արխիվի ղեկավարը:

Հայաստանի ազգային արխիվի պատվիրակությունը Թբիլիսի է ժամանել  երկրորդ անգամ: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ Թբիլիսի են եկել  նաեւ նրա տեղակալ Սոնիա Միրզոյանը եւ Հայաստանի կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ Սամվել Մուրադյանը:

Նշենք նաեւ, որ այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը կծանոթանա Վրաստանի ազգային արխիվում պահպանված միգրացիոն գործընթացների վերաբերյալ XVIII-XIX –րդ դարաշրջանի փաստաթղթերին:

Հայաստանի ազգային արխիվի պատվիրակության այցը Վրաստան կավարտվի դեկտեմբերի 11-ին: