«Անվտանգության նահատակների» զորավարժությունների խոսնակ, բրիգադային գեներալ Ահմադ Շաֆայը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը սպանել են 23 ահաբեկիչների և գերել 46 զինյալների, հաղորդում է Mehr գործակալությունը:

Նահանգի անվտանգության և ոստիկանության աշխատակիցները հաճախ գործողություններ են իրականացնում սահմանամերձ շրջաններում ահաբեկչական դավադրությունները խափանելու և ահաբեկչական և այլ խմբերի կողմից մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող զենք ու թմրանյութ առգրավելու նպատակով, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգում վերջին տարիներին մի քանի ահաբեկչություններ են իրականացվել, որոնց թիրախում են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ անվտանգության ուժերը: Ենթադրվում է, որ երկրի հարավ-արևելյան և հարավ-արևմտյան հատվածներում Իրանի շահերի դեմ հարձակումներ իրականացնող ահաբեկչական խմբավորումները կապված են օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ:

Ըստ գեներալ Ահմադ Շաֆայի՝ զորավարժություններն անցկացվում են նախապես որոշված ​​շրջաններում և ուղղված են կայուն անվտանգության ամրապնդմանը։