10 նորածին դարձել է Հնդկաստանի հյուսիսում հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհ, տեղեկացրել է ВВС-ն։
Ութար Փրադեշ նահանգի Ջհանսի քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները կարողացել են ներս մտնել եւ փրկել 44 նորածնի, բայց առնվազն 16 երեխա ծայրահեղ վիճակում է, տեղեկացրել են իշխանությունները։ Հրդեհի պատճառը, որ տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Մահարանի Լաքշմի Բայի բժշկական քոլեջի հիվանդանոցում, կապված է եղել էլեկտրացանցի անսարքության հետ։
Հնդկական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ հրդեհը բռնկվել է երեկ, նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, տեղի ժամմանակով ժամը մոտ 22.30-ին։
Տեղի իշխանությունները կարծում են, որ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել կամ հիվանդասենյակում թթվածնի մակարդակի բարձրացման մեկ այլ սարքի անսարքությունը։
Նահանգի գլխավոր նախարարի տեղակալ Բրաջեշ Պաթհակը տեղեկացրել է, որ հիվանդանոցում ստուգում է իրականացվել փետրվարին, իսկ հրշեջ վարժանքներ՝ բոլորովին վերջերս, հունիսին։ Պետական պաշտոնյաները հայտարարել են մահացածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու մասին 500 000 ռուփիի (5 900 դոլար) չափով։
Սա երկրորդ խոշոր հրդեհն է հնդկական հիվանդանոցում վերջին վեց ամսում, որի հետեւանքով զոհվել են նորածիններ։ Մայիսին վեց նորածին զոհվել էր Դելիում, մասնավոր ծննդաբերական կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով։




























