Ստոկհոլմում եւ Օսլոյում այսօր` դեկտեմբերի 10-ին, կկայանա Նոբելյան մրցանակների հանձնումը եւ դափնեկիրների ու հյուրերի տոնական խնջույքը: Միջոցառումը, ավանդույթի համաձայն, կկայանա Ալֆրեդ Նոբելի հիշատակի օրը, որը կյանքից հեռացել է 1896թ. դեկտեմբերի 10-ին:

Երեսուն դափնեկիրներից 9-ին Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում պատվավոր դիպլոմ եւ մրցանակի հիմնադրի դիմանկարով ոսկե մեդալ կհանձնի Շվեդիայի թագավոր Կարլ ХVI Գուստավը:  Ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտի մահացած դափնեկիր Ռալֆ Սթայնմանին կներկայացնի կինը` Քլոդիան:

Շվեդ հայտնի բանաստեղծ Թոմաս Թրանսթրեմերը  կաթվածից հետո արդեն մի քանի տարի գրեթե չի խոսում եւ գամված է հաշմանդամի սայլակին: Մրցանակների հանձնման արարողությանը բանաստեղծը մնացած մասնակիցների հետ նստած կլինի, այնուհետեւ նրան կտանեն բեմի կենտրոն` մրցանակն ստանալու համար:

Խաղաղության մրցանակը, Նոբելի կտակի համաձայն, կհանձնվի Օսլոյում: Այն կկիսեն երեք կանայք` Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը, լիբերիացի իրավապաշտպան Լեյմահ Գբովին եւ եմենցի ակտիվիստ Թավաքուլ Քարմանը:

Նորվեգական Նոբելյան հանձնաժողովի ընտրությունը ողջունել են ֆեմինիստական շարժման ներկայացուցիչներն ամբողջ աշխարհում:

Նոբելյան մրցանակների հանձնման այսօրվա արարողությունը 110-րդն է: Վեց դասակարգերից ուրաքանչյուրում դրա չափը կազմում է 10 մլն կրոն  (1,49մլն դոլար):

Մայրաքաղաքի ոստիկանությունը եւս պատրաստվում է այս օրվան: Ստոկհոլմում միանգամից երկու ցույց  է նախատեսված` աջծայրահեղականների ջահերով երթ Հին քաղաքում`«Դադարեցնել թշնամությունը շվեդների  հանդեպ» լոզունգով, ինչպես նաեւ` մի քանի հակառասիստականների:

Իրավապահները կփորձեն թույլ չտալ այս երկու խմբերի բախումը, որպեսզի ապահովեն նոբելյան ավանդական տոնակատարությունների հանգիստ անցկացումը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: