Ղազախստանի Ակմոլայի շրջանի Սաբինդի գյուղում նախկին մզկիթի շենքում գազ է պայթել։ Այդ պահին, ըստ որոշ աղբյուրների, շենքում հոգեհացի արարողություն է ընթացել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, երեք մարդ զոհվել է, ևս 16-ը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։

Փլատակների տակ հայտնաբերվել են 46-ամյա տղամարդու, 41-ամյա կնոջ և 12-ամյա երեխայի մարմիններ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Աստանայի հիվանդանոցներ։

Դեպքի վայր են մեկնել փրկարարները, աղետների բժշկության կենտրոնի խմբերը, շնագետներ և հոգեբաններ։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառը գազաօդային խառնուրդն է եղել։ Շենքից գազի վեց բալոն է դուրս բերվել։