Կառավարության խոսափող համարվող ադրբեջանական լրատվական կայքը պնդում է, որ Բաքվի COP29 կլիմայի համաժողովին Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի այցելությունը չեղարկելու իրական պատճառը Հերցոգի ինքնաթիռն իր օդային տարածքով թռչելու թույլտվությունից Թուրքիայի զրկելն է:

Ադրբեջանական պաշտոնյաները իսրայելական Ynet լրատվամիջոցին հաստատել են տեղական լրատվամիջոցների հաղորդման իսկությունը։

Հերցոգը երեքշաբթի այցով պետք է ժամաներ Բաքու, Ynet-ին հայտնի է դարձել, որ թռիչքն Ադրբեջան նախատեսվում էր իրականացնել Wing of Zion պաշտոնական ինքնաթիռով։

Շաբաթ երեկոյան Իսրայելի նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ «իրավիճակի գնահատման լույսի ներքո և անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի նախագահը որոշել է չեղարկել իր այցը Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովին»։

Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ դա պայմանավորված է  անվտանգության ծառայության նախազգուշացումներով:

Ադրբեջանցիներին, սակայն, դուր չի եկել, թե ինչպես է Իսրայելը ձևակերպել այդ որոշումը, և Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան ադրբեջանական Caliber News լրատվական կայքին ասել է, որ Հերցոգի չվերթը չեղարկելու պատճառն ամենևին էլ անվտանգության պատճառով չէր, այլ արգելքի, որը մտցրել է Թուրքիան՝ Հերցոգին տեղափոխող ինքնաթիռին իր օդային տարածքն օգտագործելու թույտվություն չտալով։

Ադրբեջանցիներն, ըստ երևույթին, վիրավորվել են չվերթի չեղարկման պատճառի մասին Իսրայելի ձևակերպումից և փորձել են փոխել այն դիվանագիտական ​​շփումների միջոցով։